6 օգոստոսի 2020 - 13:34 AMT
Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կմարի կոմունալների ծախսերը

Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Նա նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով քաղաքացիներից շատերը լուրջ վնասներ են կրել, ուստի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանն այս բարդ շրջանում, գրում է Sputnik Georgia-ն։

«Վրաստանի կառավարությունը որոշել է երկարացնել կոմունալ ծառայությունների արտոնությունը ևս 4 ամսով՝ նոյեմբերի, դեկտեմբերի, հունվարի և փետրվարի համար։

Սուբսիդավորումը կիրականացվի նույն կերպ՝ կհատուցվի 200 կՎտ էլէներգիայի և 200 խմ գազի սպառումը։ Անկասկած, ապահովված բնակիչները կարող են հրաժարվել դրանից»,- ասել է Գախարիան։

Վրաստանում ամսական 200 կՎտ էլէներգիա է սպառում 1․2 մլն մարդ, պետությունը մոտ 17 մլն լարի (ավելի քան 5 մլն դոլար) կհատկացնի այդ անձանց կոմունալ ծախսերը վճարելու համար։ Մինչև 200 խմ բնական գազ սպառող բաժանորդները Վրաստանում 670,000 են։ Նրանց ծախսերը մարելու համար պետությունը կհատկացնի 27 մլն լարի (ավելի քան 8 մլն դոլար)։

Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը մարտ ամսից սկսած։