7 օգոստոսի 2020 - 10:38 AMT
Բեյրութում բախվել են ոստիկաններն ու հակաիշխանական ցուցարարները

Օգոստոսի լույս 7-ի գիշերը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների միջև։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործիչներն են մեղավոր նավահանգստում պայթյունի համար, որի հետևանքով մեծ ավերածություններ են եղել հարակից թաղամասերում, առնվազն 157 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել։

Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է BBC-ն։

Ըստ իշխանությունների հայտարարությունների՝ ողբերգության պատճառ է դարձել 2750 տ սելիտրայի պայթյունը, որն առգրավված էր, բայց տարիներ շարունակ նավահանգստում էր պահվում առանց անվտանգության կանոնների պահպանման։

Նավահանգստի 16 աշխատակից, որոնք կարող են առնչություն ունենալ պայթյունին, ձերբակալվել են։

Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել։ Ոմանք նույնիսկ ենթադրում էին, թե Լիբանանում ատոմային ռումբ է պայթել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

Photo. Reuters