7 օգոստոսի 2020 - 14:58 AMT
Վրաստանում օպտիկական մալուխի օպերատորի բաժնետոմսերի մի մասը թաքուն վաճառել են Ադրբեջանին

Վրացական ԶԼՄ–ները հայտնում են, որ տեղի Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել է Ադրբեջանին։

Sputnik Armenia-ն գրում է, որ գործարքի և Caucasus Online–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։

Caucasus Online ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղի է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։

Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը, որը նաև նավթային բիզնեսում խոշորագույն հոլդինգի` NEQSOL ընկերության սեփականատերն է։ Վրացական կողմի տեղեկություններով` ինտերնետ–ընկերության իր մասնաբաժինը վաճառել է Վրաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած (խոսքը Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի մասին է, - խմբ.) գործարար Խվիչա Մակացարիան։ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։

Գործակալության հետ զրույցում տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետն ասել է, որ բաժնետոմսերի վաճառքը չի նշանակում, թե ադրբեջանական կողմը «կվերցնի ու կանջատի» Հայաստանի ինտերնետը։ Նախ բաժնետոմսների միայն 49%-ն, և երկրորդ՝ ընկերությունը գտնվում է Վրաստանի տարածքում և իշխանությունները թույլ չեն տա նման բան։

Սակայն տեխնիկական մակարդակում դա թույլ կտա ադրբեջանցի գործընկերներին վերլուծել հայկական թրաֆիկը, օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։

Մյուս կողմից` դեպքերի նման զարգացումը կարող է ազդել մրցակցային բաղկացուցչի վրա և խաթարել Հայաստանի ծրագրերը տարածաշրջանում։