7 օգոստոսի 2020 - 20:13 AMT
Հայ 172 բուժաշխատողի մոտ Covid-19-ի հակամարմիններ են գտել

Հայաստանում բուժաշխատողների շրջանում Covid-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն է անցկացվել։

Թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատորիաներում։

Տվյալները հավաքվել են 2020-ի հունիսի 12-ից հուլիսի 16-ը, հիվանդանոցներից մեկում՝ մայիսի վերջին:

Մասնակցել է 1148 բուժաշխատող 14 բուժհաստատությունից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ (172 մարդու) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ:

Հարցմանը մասնակցել է 774 բուժաշխատող 13 բուժհաստատությունից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն:

Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտությանը մասնակցել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (142 մարդու մոտ) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ։

ԱԱՊ օղակի բուժհաստատություններից մասնակցել է 379 մարդ, որոնցից 7․9%-ի մոտ (30 մարդու) հայտնաբերվել են Covid-19 դեմ հակամարմիններ։

Նախկինում Covid-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել:

ՊՇՌ տեստով հաստատված Covid-19-ով վարակվածների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ մայիս ամսին: Այսինքն երբ նրանք նոր սկսել են զբաղվել Covid-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված Covid-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված Covid-19 հիվանդություն) քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված Covid-19 հիվանդություն):

Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։

Համաձայն հետազոտության նախնական տվյալների` Covid-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն ավելի շատ հանդիպել են Covid-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում։

Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին: