8 օգոստոսի 2020 - 11:58 AMT
«Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվել է պաշտոնից, քանի որ հիվանդանոցը միավորվում է ՁԻԱՀ կենտրոնի հետ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։ Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով` նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է։

Ազատվել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը։ Միավորումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։

Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել գործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

«Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը։

Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։