10 օգոստոսի 2020 - 10:55 AMT
Արցախի ժողովրդից` Լիբանանին․ Եվս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ

Հումանիտար օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ՝ Արցախի ժողովրդից Լիբանանին։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի մարդասիրական օգնությամբ առաջին օդանավն արդեն բեռնաթափվել է Լիբանանում։ ՀՀ-ն երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի այդ երկրին, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին թռիչքն իրականացվել է օգոստոսի 8-ի երեկոյան, որի հիմնական նպատակն էր դեղորայքային աջակցություն ցուցաբերել: Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի դրան հաջորդող օրերին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։