Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հայտնում են կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը հետաքրքրվել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակով, լիբանանահայության խնդիրներով:
Վեհափառը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հաղորդել Լիբանանի հայ համայնքի կրած վնասների մասին, շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած օժանդակության համար:
Փաշինյանը նշել է, որ Արամ Ա-ի հետ խորհրդակցությունները շարունակական կլինեն, որպեսզի Հայաստանի կողմից կատարվող օժանդակությունը նպատակային լինի:
ՀՀ-ն ադեն 2 օդանավով օգնություն է ուղարկել լիբանանահայերին, ևս 2-ը նախատեսվում է առաջիկայում ուղարկել։
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։