10 օգոստոսի 2020 - 12:48 AMT
«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկը») կալանավորվել է, PanARMENIAN.Net-ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, օգոստոսի 8-ի ուշ երեկոյան հրապարակվել է դատարանի որոշումը և նա կալանավորվել է»,-ասաց Աբրահամյանը։

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան էր տեղափոխվել Լևոն Սարգսյանը։ 2018-ից իրավապահները հետախուզում էին հայտարարել Սարգսյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով։ Արարքի համար նախատեսված խափանման միջոցը կալանքն է։

ՀՀ և ՌԴ իրավապահների լայնածավալ գործողությունների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։