10 օգոստոսի 2020 - 18:22 AMT
Փաշինյանը հաջողություն և նոր նվաճումներ է մաղթել Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ՝ հաջողություն և նոր նվաճումներ մաղթելով նրան։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը: Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:

Օգոստոսի 10-ի առավոտյան Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։

Օգոստոսի լույս 10-ի գիշերը Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկում և խոշոր մյուս քաղաքներում բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցներ են ձերբակալվել։ Ուժայինների և ցուցարարների բախումները Մինսկի կենտրոնում շարունակվել են մինչև գիշերվա 3-ը, որից հետո ցուցարարները սկսել են ցրվել։Մինսկի, Բրեստի, Գրոդնոյի և այլ քաղաքների բնակիչները փողոց էին դուրս եկել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին այն ընտրատեղամասերում, որտեղ արդեն ամփոփվել էին արդյունքները։