11 օգոստոսի 2020 - 10:28 AMT
Հարությունյան․ Պատրաստ ենք ընդունելու լիբանանահայ բոլոր հայրենակիցներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցներն ԱՀ-ում բնակություն հաստատելու ցանկություն հայտնող բոլոր լիբանանահայերի համար ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,- շեշտել է Հարությունյանը։

Օգոստոսի 10-ին անցկացվել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Օգնելու նպատակով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։

Նախագահը հայտնել է, որ Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրվի նաև ուղիղ ֆինանսական աջակցություն և կոչ արել բոլոր արցախցիներին ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութում պայթել է նավահանգիստը։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։