Օվկիանոսում ամենամեծ «աղբի կղզին» հասել է Ֆրանսիայի տարածքի չափսերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է օվկիանոսի հետազոտող և պաշտպան Ֆիլիպ Կուստոն և նրա կին Աշլան Բրոքը։
Բրոքի խոսքով՝ օվկիանոսում 5 վիթխարի աղբի կղզի կա, որտեղ հիմնականում աշխարհի տարբեր կետերից կուտակվում է պլաստիկ աղբ։ Պլաստիկը օվկիանոսում է հայտնվում գետերից։ Կուստոն աշխարհի երիտասարդությանը կոչ է անում մաքրել գետերը պլաստիկ աղբից։
Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։
Օվկիանոսի համար հավելյալ գլխացավանք են դարձել ամեն օր նետվող ձեռնոց-դիմակների թափոնները։ Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս աշխարհը 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափում բնության մեջ։