11 օգոստոսի 2020 - 14:24 AMT
ԱԳ նախարար․ Կարևորում ենք ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանին

Հայաստանը, որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր, կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հեռախոսազրույցում։

Նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

Հայաստանի մարդասիրական օգնությամբ օդանավն արդեն բեռնաթափվել է Լիբանանում։ ՀՀ-ն երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն է ցուցաբերում երկրին,։ Առաջին թռիչքն իրականացվել է օգոստոսի 8-ի երեկոյան, որի հիմնական նպատակն էր դեղորայքային աջակցություն ցուցաբերել: Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի դրան հաջորդող օրերին։