11 օգոստոսի 2020 - 17:49 AMT
Տիխանովսկայայի՝ ցույցերը դադարեցնելու կոչը նկարահանվել է երկրի ԿԸՀ նախագահի գրասենյակում

Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դադարեցնել ցույցերը, տեսանկարահանվել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում։ Այս մասին գրում են թվիթերյան օգտատերերը։

Ավելի վաղ իշխանամետ «Ժոլտիյե սլիվի» բելառուսական տելեգրամյան ալիքը հրապարակել էր տեսաուղերձ, որում Տիխանովսկայան թղթից կարդում է բողոքի ակցիաները դադարեցնելու մասին կոչ։ Հայտնի չէ՝ այն արվել էր երկրից մեկնելուց առաջ, թե հետո և որտեղ։

«Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Ես ձեզ կոչ եմ անում ցուցաբերել ողջամտություն և հարգել օրենքը։ Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,- ասել էր նա։

Թվիթերյան օգտատերերը լուսանկարներով համեմատել են նախկինում ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի գրասենյակից արված տեսանյութերը և Տիխանովսկայայի տեսաուղերձը։ Երկու դեպքում էլ նույն շերտավարագույները և բազմոցն է պատկերված։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ նա լքել է Բելառուսը։