11 օգոստոսի 2020 - 19:12 AMT
Զբոսաշրջության կոմիտե. Մինչև ԱԴ ավարտը թռիչքներ չեն լինելու

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց և տեղեկացնում, որ մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքների թույլտվություն չկա, փոխանցում են կոմիտեից։

«Մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն պարետի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ։ Մասնավորապես, թռիչքներ չկան Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն 5 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին օգոստոսի 12-ին։ Օգոստոսի 12-ին արդեն Կառավարության արտահերթ նիստ կա՝ արտակարգ դրությունը երկարացնելու հարցով։