11 օգոստոսի 2020 - 19:19 AMT
«Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուները միանվագ աջակցություն կստանան

Հայաստանում կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը այն երեխաների համար, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։

Դրա ընդհանուր բյուջեն 233 մլն դրամ է: Համավարակով պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների մոտ 29,300 աշակերտի համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:

8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ներառված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011-ի հունիսի 1-ից մինչև 2014-ի հունիսի 30-ը:

Դրամական օգնությունը կվճարվի 2020-ի հուլիսի ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով: