12 օգոստոսի 2020 - 11:12 AMT
Մինսկում բողոքի ցույցերը կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր

Բելառուսում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն, ըստ պաշտոնական տվյալների՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Օգոստոսի 11-ի երեկոյան և լույս 12-ի գիշերն ակցիաները Մինսկում քաղաքի կենտրոնից տեղափոխվել են ծայրամասեր, քանի որ կենտրոնն ամբողջությամբ արգելափակվել է ուժայինների կողմից, գրում է BBC-ն։

Որոշ տեղերում ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել, սակայն հատուկջոկատայիններն անմիջապես քանդել են դրանք և ձերբակալություններ իրականացրել։

Հատկապես ակտիվ են եղել ուժայինները բակերում՝ նրաք բռնում էին մարդկանց և մահակներով հարվածում։ Պատշգամբներից բղավող մարդկանց ուղղությամբ երբեմն ռետինե փամփուշտներով կրակել են։ Հազարավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում տասնյակ լրագրողներ։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա լքել է Բելառուսը։