12 օգոստոսի 2020 - 11:57 AMT
ԱՀԿ-ն զուսպ է արտահայտվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի մասին

ԱՀԿ-ն զուսպ է արձագանքել Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման տեղեկությանը։ Կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը հայտարարել է, որ սերտ կապի մեջ են ռուսական պատասխանատու գերատեսչությունների հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պատվաստանյութի նախաորակավորումը ենթադրում է, որ դրա ազդեցության և անվտանգության վերաբերյալ տվյալները պետք է անպայման ստուգվեն։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։