12 օգոստոսի 2020 - 14:51 AMT
Անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի, բացօթյա որոշ վայրերում՝ ևս

Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի, Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակի կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի», - ասել է նա՝ հավելելով, որ ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին հստակ կհայտարարվի, երբ են փոփոխություններն ուժի մեջ մտնում։

ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից ևս 30 օրով երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը։ Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հետագայում երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։