13 օգոստոսի 2020 - 11:36 AMT
Մանկատան 163 շրջանավարտ բնակարան կստանա

Կառավարությունը որոշել է 2003-2015 թթ. ընթացքում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրով հատկացված բնակ.տարածքը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 շրջանավարտի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նախկինում այդ բնակարանները տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարով։

Պայմանագրով նախատեսվել է, որ բնակարանը կարող է հետագայում մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Բաթոյանն ասել է, որ այսպիսով բնակարաններով են ապահովվում 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտ եղած, սեփականություն չունեցող և բնակարան չօտարած քաղաքացիները։

Նախարարը հիշեցրել է, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարան չստացած շահառուների համար 2019-ին մեկնարկել է բնակարանների գնման գործընթացը, որով հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով։ Բաթոյանի խոսքով՝ նույն կարգավիճակում հայտնված անձինք, այսպիսով, անհավասար պայմաններում էին հայտնվել։