13 օգոստոսի 2020 - 13:51 AMT
Գիտնականներ․ Ռաֆայելն իրեն գեղեցկացրել է իր ինքնադիմանկարներում, օրինակ՝ քիթը

Իտալացի հետազոտողները ստեղծել են Վերածննդի դարաշրջանի վարպետ Ռաֆայելի դեմքի 3D պատկերն ու վերջնականապես համոզվել, որ նա թաղված է Հռոմի պանթեոնում։ Բացի այդ, հետազոտողները մեկ այլ՝ ավելի զարմանալի բացահայտում են արել․ ըստ նրանց՝ նկարիչն ինքնանկարներ անելիս կատարելագործել է իր դիմանկարները, գեղեցկացրել քիթը, փոխանցում է CNN-ը։

Գիտնականները նկարչի՝ 1833-ին պեղված կմախքից 3D պատկերը համեմատել են նրա ինքնանկարների հետ, ինչի արդյունքում համոզվել են, որ կմախքը Ռաֆայելինն է։ Ըստ մասնագետների՝ ինքնադիմանկարներում Ռաֆայելի քիթն ակնհայտորեն տարբեր է իրականից, և դա հիմք է տալիս կարծելու, որ նկարիչն իր դիմանկարները ստեղծելիս կատարելագործել է դիմագծերը։

«Իր նկարներում Ռաֆայելը ներկայացրել է մարդկանց գեղեցկությունը։ Հենց միայն Հռոմի պապ Լևոն X դիմանկարը լավ օրինակ է, քանի որ նա անշուշտ վայելչակազմ չէր»,- ասել է Հռոմի Տոր Վերգատայի անվան ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր Մաթիա Ֆլակոնին։

Ըստ գիտնականի՝ 1833-ին գտնված կմախքով հետագայում արդեն կարելի է նկարչի մասին գենետիկ այլ մանրամասներ իմանալ, ինչպես օրինակ՝ աչքերի, մազերի, մաշկի գույնը։ Ըստ Տորի՝ արդեն կարելի է ասել, որ 16-րդ դարի 37-ամյա տղամարդու համար Ռաֆայելը հրաշալի ատամնաշար է ունեցել, ինչը ցույց է տալիս, որ նա հատուկ խնամքով է վերաբերել իրեն ու սննդակարգին։

Ռաֆայել Սանտին Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ է։ Նրա վրձնին են պատկանում «Քրիստոսի թաղումը», «Պառնաս», «Աթենական դպրոց», «Պայծառակերպություն», «Գալատեա» և մի շարք այլ հայտնի աշխատանքեր։