Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը արգելել է իր աշխատակազմին օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար։ Նաև կոչ է արել ճանապարհորդական ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել, որ դրանք ԵՄ օդային անվտանգության ցուցակում են։
Արգելքը ներառում է հետևյալ ավիափոխադրողներին, սակայն չի սահմանափակվում միայն դրանցով․ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball։
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ 2020-ի հունիսին Եվրամիությունը բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակում` կապված դրանց անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ: Սահմանափակումը մինչև 2022-ն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Դեսպանությունը նաև կոչ է արել վերոնշյալը հաշվի առնել ճանապարհորդական պլաններ կազմելիս։
2020-ի գարնանը ԵՄ-ն որոշել է ՀՀ-ում գրանցված բոլոր ինքնաթիռ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Այսինքն՝ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված ընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: