13 օգոստոսի 2020 - 16:09 AMT
Գերմանիայում աշակերտներին կարող են հեռացնել դպրոցից դիմակ չկրելու համար

Գերմանիայի ամենամեծ դաշնային շրջանի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի աշակերտները 5-ամսյա դադարից հետո, վերադարձել են դպրոցներ։ 5-րդ դասարանից սկսած այս շրջանի դպրոցներում դիմակ կրելը դասերի և դասամիջոցների ժամանակ պարտադիր է։ Դիմակ չկրելու դեպքում աշակերտին կարող են հեռացնել դպրոցից, գրում է Deutsche Welle-ն։

Դիմակը կարող է միայն ուսուցիչը հանել, այն էլ կարճ ժամանկով, երբ կանգնած է գրատախտակի մոտ՝ այսինքն, աշակերտներից բավականին հեռու է։ Աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչում, նրանք տեղից են պատասխանում։

Գերմանիայում հիմա շոգ եղանակ է, +30 աստիճան, և 5-6 ժամ շարունակ դիմակ կրելը բարդ է, սակայն աշակերտների և ծնողների մեծ մասը կարծում է, որ ավելի լավ է առկա սովորել դիմակ կրելով, քան հեռավար։

Ջերմաչափում դպրոց մտնելիս չի արվում, սակայն ձեռքերը ախտահանվում են, իսկ միջանցքում հատուկ ուղենիշեր կան, որ միակողմանի շարժ լինի։

Ծնողներին խստիվ պատվիրվել է երեխային դպրոց չուղարկել, եթե նա հարբուխ ունի։ Նույնը նաև ուսուցիչներին է վերաբերում։

Մարտ ամսից Գերմանիայի դպրոցների աշակերտները հեռավար էին սովորում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հետո սկսեցին փոքր խմբերով հաճախել շաբաթական 1-2 անգամ. դրանից հետո մեկնարկեցին ամառային արձակուրդները։