13 օգոստոսի 2020 - 16:52 AMT
ՌԴ-ն սեպտեմբերի 1-ից կարող է վերսկսել կանոնավոր ավիափոխադրումները ՀՀ հետ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է վերսկսել կանոնավոր ավիափոխադրումները ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ԱՏՕՌ» պարբերականը։

Նշվում է, որ ՀՀ-ն ու Ղազախստանը պատրաստ են բացել ՌԴ հետ սահմանները։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էին Ղրղզստանն ու Ուզբեկստանը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ այդպիսի որոշման համար կան մի շարք հիմքեր։ Առաջին հերթին, կայունացել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՌԴ-ում։ Բացի այդ, սեպտեմբերին նախատեսվում է սկսել վարակի դեմ պատվաստանյութի արտադրությունը։

Ըստ աղբյուրի՝ ՌԴ կառավարությունը պաշտոնապես այդ մասին կհայտարարի օգոստոսի 20-ից հետո։

Նշվում է, որ համաճարակային իրավիճակը բարելավվել է նաև ԱՊՀ երկրներում։ Այդ երկրները ևս մտադիր են ռուսական պատվաստանյութ գնել, նաև խոսվում է ՌԴ հետ հումանիտար և գործարար կապերի վերականգնման մասին։

Միաժամանակ, հայտնի չէ, թե զբոսաշրջիկների համար երբ կբացվի Բելառուսի հետ սահմանը։ Բելավիա ընկրությունը երկարացրել է ՌԴ հետ չվերթերի չեղարկումը մինչև օգոստոսի 21-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր ավիափոխադրումներն այլ երկրների հետ։ Այժմ ՌԴ-ն բացել է սահմանը Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի և Շվեյցարիայի հետ։