13 օգոստոսի 2020 - 17:04 AMT
ԱՆ․ Ռուսական պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում չկա, դեռ հետևում ենք

Հայաստանի առողջապահության նախարարությունն այս պահին դեռ հետևում է ռուսական պատվաստանյութի մասին նորություններին, պատվաստանյութի ձեռքբերման մասին քննարկում դեռ չկա, PanARMENIAN.Net-ին ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք նման քննարկում նախատեսվում է՝ ԱՆ-ից նշեցին, որ այս պահին դեռ հետևում են։

Օգոստոսի 12-ին հայտարարվել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի արտադրությունն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկայի կարիքներին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ քննարկումներ կան՝ պատվաստանյութի ձեռքբերման հարցով։ Ընկերության պատվաստանյութն առայժ փորձարկման 3-րդ՝ վերջնական փուլում է։