13 օգոստոսի 2020 - 18:03 AMT
Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը կրկին հետաձգվել է

Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը կրկին հետաձգվել է, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է, ծրագրի իրականացման խորհրդատու գերմանական ընկերության մասնագետները հնարավորություն չեն ունեցել գալ Հայաստան, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Արդյունքում մրցութային հայտերի գնահատման գործընթացը, որը նախատեսվում էր ավարտել ապրիլին, մինչ այժմ չի ամփոփվել։

Ծրագիրն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ 1-ին անգամ այն հետաձգվել է այն պատճառով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չէր հավանել իր իսկ ընտրած խորհրդատուի աշխատանքը։ Նոր խորհրդատուի ընտրության պատճառով ծրագիրը մեկ տարով ուշացել էր։ Ավելի ուշ հայտատուների խնդրանքով ևս մի քանի անգամ հետաձգվել է արդեն ծրագրի իրականացման համար հայտարարված մրցութային հայտերի ընդունման ժամկետը։ 2019-ի նոյեմբերին վերջապես ավարտվեց հայտերի ընդունումն, ու խորհրդատու ընկերությունը սկսել է դրանց գնահատումը։

«Նոր աղբավայրի կառուցման ու հին աղբավայրի փակման շինարարական աշխատանքները կսկսվեն 2021-ին և կտևեն մոտ երկու տարի, որին կհաջորդեն թերությունների վերացման աշխատանքները»,- ասվել է Երևանի քաղաքապետարանից Կառավարություն ներկայացրած տեղեկանքում։

Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրը կկառուցվեն ամենաշուտը 2025-ի դեկտեմբերի 31-ին։

«Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2017-ի դեկտեմբերիին։ Պայմանագիրը նախատեսում է 8-ական մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ու ևս 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից: