14 օգոստոսի 2020 - 11:11 AMT
Փաշինյանը՝ BBC-ի եթերում․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի HARDtalk հաղորդմանն ու անդրադարձել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի ընտրած մարտավարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքական նախկին գործիչների ձերբակալություններին։ Սթիվեն Սակուրի հետ զրույցում անդրադառնալով նախկին պաշտոնյաների ձերբակալություններին, Փաշինյանը նշել է, որ ինքը չէ որուշում՝ ում ու երբ ձերբակալել։

Փաշինյանն անդրադարձել է նաև հուլիսի 12-16-ի հայ-ադրբեջանական բախումներին՝ նշելով, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է իրականացրել։ Վարչապետի խոսքով՝ կարևոր է սահմանին ներդնել մոնիթորինգի համակարգ։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղություն չի կարող լինել ՀՀ-ի միակողմանի գործողությունների արդյունքում, նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է ռազմական հռետորաբանության, կոնֆլիկտն ուժային մեթոդով լուծելու փորձերի մեջ։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ վարչապետը չի ընդունել քննադատությունը, թե իր ղեկավարած կառավարությունը ձախողել է այն, ու նշել, որ դեռ վաղ է այս հարցում գնահատականներ տալ։

HARDtalk-ը բրիտանական ալիքի այն հաղորդումներից է, որտեղ հյուրերը պատասխանում են քննադատական, սուր ու երբեմն նաև պրովոկացիոն հարցերի։