14 օգոստոսի 2020 - 11:13 AMT
Ալիև․ Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունները

Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Ամեն տարի Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 10 համատեղ զորավարժություն են անցկացնում, դա սովորական երևույթ է․․․ Կարծում եմ, որ ապագայում այդ զորավարժությունների ինտենսիվությունը միայն կավելանա, դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա նշել է նաև, որ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը երկու երկրի միջև հաջողությամբ զարգանում է։

«Թուրքիան ռազմարդյունաբերության հզոր ներուժ ունի։ Վստահ եմ, որ շուտով Թուրքիան ռազմատեխնիկական գործակցության ոլորտում թիվ 1 գործընկերը կդառնա Ադրբեջանի համար»,- նշել է նա։

Թուրք նախարարն իր հերթին ասել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին։

Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր՝ հետևելու լայնածավալ զորավարժությունների առաջին փուլի ավարտին։ Թեև նախապես հայտարարվել էր, որ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին, սակայն, դրանք շարունակվել են մինչև օգոստոսի 13-ը։