14 օգոստոսի 2020 - 11:27 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք կա։ Պաշտոնական StopCov կայքի տեղեկություններով, համաճարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է 1306 վարակակիր, որից 1085-ն ապաքինվել է, 17 մահ է գրանցվել։

Կարանտինում 7635 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 334։

Կառավարության որոշմամբ կարանտինի և մեկուսացման պարտադիր ժամկետը երկրում կրճատվել է՝ սահմանվելով 14-ի փոխարեն 12 օր։

Նույն ժամկետն է սահմանվել ինքնամեկուսացման համար, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի թեստ ներկայացնեն, որն արված կլինի ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում։ Դրանից հետո, այն անձինք, որոնք կարանտին չեն պահպանելու, պարտավոր կլինեն 12 օրվա ընթացքում յուրաքանչյուր 72 ժամը մեկ թեստ հանձնել։

Ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացիներն իրենք են վճարելու թեստավորման համար։ Բացառություն կկազմեն այն անձինք, ում առաջին թեստավորման ժամանակ կհայտնաբերվի G իմունոգլոբուլին։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրների ցանկում է։ Համավարակից հետո ԵՄ-ն իր սահմանները բացել է նաև վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակը։