14 օգոստոսի 2020 - 12:13 AMT
Արցախում 4-րդ օրն է կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում

Արցախում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Վերջին անգամ վարակի 1 դեպք էր գրանցվել օգոստոսի 10-ին։

Covid-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: