14 օգոստոսի 2020 - 14:19 AMT
Լուկաշենկո․ Դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է լուրերը, թե հեռացել է երկրից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սկզբի համար՝ ես դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ, ինչպես ասում են մեր որոշ հարգելի «գիտակիցները»՝ «նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում»։ Այսօր՝ ամսի 14-ին, մենք հանդիպում ենք՝ քննարկելու շինարդյունաբերության աշխատանքը»,-հայտնել է նա աշխատաժողովի ժամաակ։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Երկրում շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։

Գործող նախագահը մեկնաբանել է նաև երկրում ընթացքող բողոքի ցույցերն ու գործադուլները՝ նշելով, որ աշխատանքների կանգը կարող է շուկաներում կորուստների պատճառ դառնալ։

«Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, մրցակիցները՝ ռուսներն ու կանադացիները, մեզ կգերազանցեն։ Եվ շուկայում կդնեն այն, ինչ ցանկանում են։ Եթե մենք կանգ առնենք, երբեք չեն կարողանա առաջխաղացնել մեր արտադրանքը։ Մարդկանց պետք է բացատրել՝ ուզում եք գործադուլ անել, արեք, ուզում եք աշխատել՝ աշխատեք»,- ասել է Լուկաշենկոն։