14 օգոստոսի 2020 - 14:57 AMT
Տիխանովսկայան նոր ուղերձում կրկին խոսել է Բելառուսում ընտրությունները կեղծելու մասին

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը երկիրը լքել էր ընտրություններից հետո, նոր տեսաուղերձ է հրապարակել։ Թեկնածուն իշխանություններին կոչ է արել վերջ տալ բռնությանը և գնալ երկխոսության։ Նա խնդրել է քաղաքապետներին օգոստոսի 15-ին և 16-ին խաղաղ զանգվածային հավաքներ կազմակերպել։

Նրա խոսքով՝ դեռ կես տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, որ բելառուսցիները կարող էին միավորվել և ոչ ասել հին իշխանություններին։ Բայց դա տեղի ունեցավ, մարդիկ գնացին ընտրական տեղամասեր և կատարեցին իրենց ընտրությունը։ Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իր և երկրում փոփոխությունների օգտին։

Թեկնածուն նշել է, որ փոփոխություն ցանկացողները մեծամասնություն են, ինչին կա փաստաթղթային հաստատում՝ արձանագրությունների կրկնօրինակներ։ Այնտեղ, որտեղ հանձնաժողովը արդար է հաշվել, իրեն աջակցողները կազմել են 60-70%:

«Եկեք միասին պաշտպանենք մեր ընտրությյունը։ Ստորագրեք այս հղումով, որ քվեարկել եք իմ՝ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին։ Անտարբեր մի մնացեք։ Մեր ձայները պետք է լսելի լինեն», - ասել է նա։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Օգոստոսի 10-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստ է պայքարել։ Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ նա լքել է Բելառուսը։

Ավելի ուշ նա երկու ուղերձ էր հղել բելառուսցիներին, որոնցից մեկում նա բացատրում էր, որ թե ինչու է լքել երկիրը՝ նշելով, որ իր համար երեխաներն ամենակարևորն են, մյուս ուղերձում նա թղթից կարդում էր ցույցերը դադարեցնելու կոչ՝ ուղղված բելառուսցիներին։

Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։