14 օգոստոսի 2020 - 15:38 AMT
Էկոնոմիկայի նախարարին դիմակ չկրելու համար տուգանել են

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որը ասուլիսի սրահ էր մտել առանց դիմակի, տուգանել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն»,- ասվում է գրառման մեջ:

Օհանյանը ներողություն է խնդրել անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ «նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

Գործող օրենքով դիմակ չկրելու համար սահմանված է 10,000 դրամ տուգանք։