14 օգոստոսի 2020 - 15:39 AMT
Կիև-Երևան թռիչքները կվերսկսեն օգոստոսի 17-ից

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից կվերսկսի Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

«Չվերթերը նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ընկերության ներկայացուցչի` կորոնավիրուսի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել նշված թռիչքների տոմսերով։

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):