14 օգոստոսի 2020 - 17:16 AMT
Անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 4 հարազատի ձևական աշխատող գրանցելու համար

Քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:

Ըստ քննության տվյալների՝ «Վայոց ձորի անտառտնտեսության» տնօրենը, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսը, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11,476,359 ՀՀ դրամը:

Պարզվել է, որ նա միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսությունում»։ Նրանք ներառվել են աշխատավարձերի ցուցակներում և ամեն ամիս վարձատրվել են՝ աշխատանքի չներկայանալով և պարտականությունները չկատարելով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: