14 օգոստոսի 2020 - 19:28 AMT
Փաշինյանն Ազգային հերոսի կոչման է ներկայացրել կապիտան Ռուբեն Սանամյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Բացի այդ, նա տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։

«Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին», - նշել է վարչապետը։

ՀՀ Ազգային հերոսի կոչում ունի 17 անձ՝ քաղաքական, մշակութային, ռազմական, հոգևոր գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։