17 օգոստոսի 2020 - 13:59 AMT
Լիբանանը չի բացառել Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությունը

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել ապագայում Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությունը։ Նա պատասխանել է լրագրողի հարցին՝ երբևէ Բեյրութը պատրաստ կլինի՞ Թել-Ավիվի հետ խաղաղության հաստատմանը, փոխանցում է The New Arab-ը։

«Դա շատ բանից է կախված։ Մենք խնդիր ունենք Իսրայելի հետ։ Սկզբից անհրաժեշտ է լուծել այդ հարցը»,- մասնավորապես ասել է նա։

Իսրայելը և Լիբանանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Լիբանանում Իսրայելը համարվում է թշնամի պետություն։ Օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյուններից հետո Իսրայելն իր օգնությունն էր առաջարկել, ինչից Լիբանանը հրաժարվել էր։

Երկրների ընդհանուր սահմանը 81 կմ է: