Հայաստանում այսուհետ դատաբժշկական փորձաքննության նպատակով կդիահերձեն նաև կորոնավիրուսից մահացածներին։ Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված առաջին դիահերձարանը, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Այն «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանն է։ Բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։
Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրերով։
Շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։
Բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։
Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։
Հայաստանում կորոնավիրուսի 41,701 դեպք է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 824 դեպք կա, այլ պատճառով՝ 243։