Մասիսի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Ըստ ոստիկանության՝ երբ տեղեկություն են ստացել ամիսներ առաջվա գործարքի մասին, օգոստոսի 14-ին 35-ամյա կինը բաժին է հրավիրվել:
Պարզվել է՝ որդուն 500,000 դրամով վաճառելու նպատակով նա Նուբարաշենում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել՝ մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500,000 դրամից ստացել է 200,000-ը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100,000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Միայն 2020-ի հուլիսին նորածնի վաճառքի 3 դեպքն է բացահայտվել։ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։ Ավելի վաղ հուլիսին Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։
Մինչև այդ էլ ոստիկանությունից երեխայի վաճառքի ևս մեկ դեպքի մասին էին հայտնել։ Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել էր իր նորածին երեխային: