18 օգոստոսի 2020 - 10:19 AMT
ՊԵԿ. Փոստով կարելի է դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի

Օգոստոսի 17-ից հայաստանցիները կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես, ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 տեսակի, յուրաքանչյուրից` երեքական փաթեթ գրանցված կամ չգրանցված դեղեր։

Նախքան որոշման ընդունումը դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչև 10 տեսակի դեղ, յուրաքանչյուրից` երեքական փաթեթ:

Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ մաքսային մարմիններն իրականացնելու են ֆիզանձի և դեղերի տվյալների հաշվառում։

Եթե չափորոշիչները գերազանցվեն, դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվությամբ։

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց, նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։