18 օգոստոսի 2020 - 18:47 AMT
Սմարթֆոնը կկարողանա ասել` երբ եք խմած

Միացյալ Նահանգներում հետազոտություն են իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ սմարթֆոնը կարող է հասկանալ՝ տերը ալկոհոլի ազդեցության տակ է, թե` ոչ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Սթենֆորդի համալսարանի հետազոտողները փորձ են արել և պարզել, որ սմարթֆոնը կարողանում է սահմանել օգտատիրոջ խմածության աստիճանը՝ եզրակացություններ անելով նրա քայլվածքից։

Վերլուծել են 21-ից 43 տարեկան 22 մեծահասակի տվյալներ։ Նրանց հյուրասիրվել է այնքան ալկոհոլ, որ արտաշնչած օդում դրա մակարդակը կազմի 0․2%: Դրանից հետո գոտկատեղին ամրացվել է սմարթֆոնը։ Այնուհետև 7 ժամում մասնակիցները ժամը մեկ 10 քայլ են արել առաջ և հետ՝ մինչ ալկոհոլի մակարդակը չի իջել վարելու համար թույլատրելի սահմանի։

Հայաստանում վարորդների արյան մեջ ալկոհոլի թույլարտրելի մակարդակը չպետք է 0․04 գրամից ավելի լինի։

Քայլքի ընթացքում հեռախոսը արձանագրել է մարդկանց տվյալները՝ քայլվածքի արագությունը, հավասարակշռությունը։ 90% դեպքերում հետազոտության մասնակիցների խմածության աստիճանը որոշվել է սմարթֆոնով։ Այդ թվյալները համադրելով հնարավոր է լինում հստակեցնել, թե երբ է մարդու արյան մեջ ալկոհոլի առկայությունը գերազանցում 0․08%-ը։