19 օգոստոսի 2020 - 11:14 AMT
Covid-19-ի դեմ պատվաստումն Ավստրալիայում գուցե պարտադիր լինի

Ավստրալիան մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է Lenta.ru-ն։

«Ես սպասում եմ, որ այն (պատվաստումը) կլինի պարտադիր այնքանով, որքանով հնարավոր է․ չէ որ մենք խոսում ենք պանդեմիայի մասին, որը ոչնչացրել է համաշխարհային տնտեսությունը և հարյուր հազարավոր կայնքեր խլել»,- ասել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ պատվաստումից հրաժարվել հնարավոր կլինի միայն բժշկի ցուցմամբ։

Օգոստոսի 19 դրությամբ Ավստրալիայում վարակի 24,000 դեպք է հաստատվել, մահացել է 450 մարդ։ Աշխարհում վարակված է 22․1 մլն-ից ավելի մարդ, մահացել է 781,000 հոգի։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվում են տասնյակ երկրեր ու կազմակերպություններ: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութն արդեն անցել է փորձարկման փուլերն ու պատրաստ է։

Photo. AP