20 օգոստոսի 2020 - 11:31 AMT
Թորոսյան․ Վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, կտրուկ անկումներ դժվար լինեն

ՀՀ-ում կորոնավիրուսի ամենօրյա ցուցանիշների կտրուկ անկումներ դժվար լինեն, վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, նախորդ 2-3 շաբաթվա համեմատ երկրում իրավիճակը կայունացել է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև է, կառավարելի։

«Հաշվի առնելով ազգաբնակչության շարժունակությունը, Հայաստան վերադարձողների թիվը, կարծում եմ՝ դժվար է լինելու մեր օրական ասած այս թվերից ավելի ցածր թվեր ունենալը։ Եթե նույնիսկ անկում լինի, կտրուկ անկումներ դժվար կարողանանք արձանագրել»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ ներկա դրությունը պահելու համար եղած կանոնները պետք է մնան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկա կայունությունը հարաբերական է և ամեն պահի կարող է անկայունույթան փոխվել։

«Մենք և հանրությունն ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը, իհարկե, մեր թվերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքեք, արագ կվերադառնանաք հուլիսյան վիճակին»- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իրավիճակը շարունակում է խնդրահարույց համարել։

Թորոսյանը հայտնել է նաև, որ իրենց նախաձեռնությամբ թեստավորել են Վանաձորի տեքստիլի 2 ֆաբրիկայի աշխատողների, որոնցից մեկում 200 թեստից 50-ը դրական է եղել։ Նա կարևորել է տնտեսվարողների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ նախարարի՝ այն տնտեսվարողները, որոնց մոտ հակահամաճարակային կանոնները պահպանվում են, դեպքեր կամ չկան, կամ նվազագույն են։

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 836 դեպք կա, այլ պատճառով՝ 251։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 5756 է։