20 օգոստոսի 2020 - 13:24 AMT
ՀՀ-ն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոնին»․ Նպատակահարմար չէ

2013-ից սկսած Հայաստանն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին։ Այս մասին հայտնի է դառնում մրցույթի օնլայն հարթակից։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ 2020-ին Հայաստանի մասնակցությունը տանկային բիաթլոնին նպատակահարմար չէր:

«Մանրակրկտորեն կուսումնասիրենք մրցույթում տեղ գտած բովանդակային և կատարողական փոփոխություններն ու հաջորդ տարի կմասնակցենք միանգամից մի քանի փոխադրամիջոցների բիաթլոնների»,- նշեց մամուլի խոսնակը:

Մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։

Հայաստանն ամենամյա բիաթլոնին մասնակցում է 2013 թվականից։ 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։ Այն ՀՀ էր տեղափոխվել 2016-ի ապրիլին:

Հայաստանի այցեքարտը տանկային մրցույթին ժամկետային զինծառայողների թիմն էր։ Ի տարբերություն բոլոր մյուս երկրների՝ ՀՀ-ն ներկայանում էր ոչ թե պրոֆեսիոնալ պայմանագրայիններից բաղկացած թիմերով, այլ ժամկետային տանկիստներով։

Ամեն տարի մրցույթին մասնակցում է մինչև 40 երկիր, 2020-ին դրան տանկային անձնակազմեր է ուղարկել 17 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Բելառուսը, Չինաստանը, Ղրղզստանը։ 2020-ին մրցույթին չի ներկայանալու նաև Իրանը։