Ռուսական «Կալաշնիկով» ընկերությունը սկսել է ԱԿ-12 ինքնաձիգերի արտահանումը «մերձավոր արտերկրի» երկրներ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է կոնցերնի գլխավոր տնօրեն Դմիտրի Տարասովը։
Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, չի հստակեցվում։ Սակայն ուշագրավ է՝ 2019-ին Հայաստանը Ռուսաստանի հետ 50 հատ ԱԿ-12-երի փորձնական խմբաքանակ գնելու պայմանագիր էր կնքել՝ դառնալով ՌԴ-ից բացի դրանք գնող առաջին երկիրը։ Այլ գնորդներ հայտնի չեն, սակայն չի կարելի բացառել, որ չկան։
PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը։
5.45 և 7.62 տրամաչափի ԱԿ-12 ինքնաձիգերը րոպեում 700 կրակոց են արձակում, դրանց հեռահարությունը 1000 մ է, որից 600 մ-ը՝ էֆեկտիվ։ Ռուսական բանակի սպառազինությունն ինքնաձիգերը համալրել են 2018-ին։