20 օգոստոսի 2020 - 18:21 AMT
Գյումրու ԲԿ-ում պետպատվերի շրջանակում վիրահատություններ են արվել․ 1․8 մլն դրամ է հափշտակվել

«Գյումրի բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկ-վիրաբույժներ վիրահատություններ են արել, որոնք գրանցել են որպես պետպատվերով իրականացվող ծառայություն, սակայն հիվանդներից պահանջել են ամբողջ գումարը: Արդյունքում պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է 1.8 մլն դրամ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակում մատուցվող ծառայություններ և կազմել կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից ԲԿ–ի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակում սահմանված գումարը` 50,000-65,000 դրամ։

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով (խարդախություն), որոշ դեպքում նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) մեղադրանքներ են առաջադրվել ԲԿ–ի մի խումբ բժիշկների: Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել:

Հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: