21 օգոստոսի 2020 - 19:22 AMT
25 մլն դրամ Արցախից՝ Լիբանանի հայ համայնքին

Արցախի կառավարությունը պետբյուջեի պահուստային ֆոնդից 25 մլն դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով հումանիտար օգնություն էր ուղարկել: Արցախում ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։