22 օգոստոսի 2020 - 15:59 AMT
Արցախի ՊԲ-ում անցկացվել են մարտավարաշարային մարզումներ

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 20-21-ը ՊԲ-ում անցկացվել են մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները, հայտնում են ՊԲ-ից:

Անցկացված միջոցառման շրջանակում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ, խնդիրներ են առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքները, որոնց օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են բանակային բոլոր կառույցներն ու բոլոր կարգի զինվորականները, անցել են բարձր մակարդակով ու տարածաշրջանային հավանական զարգացումների տրամաբանության համատեքստում։

Օգոստոսի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել էր արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Նրանք առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմաններին։