24 օգոստոսի 2020 - 10:45 AMT
Տոնոյանը Շոյգուին պատմել է հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանում իրադրության մասին

Օգոստոսի 23-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին, տեղեկացրել հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին, հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարը տեղեկություն է հաղորդել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ Տավուշում, Ադրբեջանը ռազմական գործողություններ էր հրահրել։ Այդ գործողությունների հետևանքով հայկական կողմը 5 զոհ ունեցավ, ադրբեջանցիները 12-ի մասին են հայտարարել։

«Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը»,-գրել է ՊՆ խոսնակը։

Շոյգուն կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Նախարարները քննարկել և պայմանավորվել են ռազմական գործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Տոնոյանը Մոսկվա է այցելել «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում: Օգոստոսի 23-ին նաև ՌԴ-ի հետ հայկական ավիացիոն պարկի արդիականացման մասին համաձայնագիր է կնքվել։