24 օգոստոսի 2020 - 11:08 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 58 մարդ է ապաքինվել, մահվան 3 դեպք կա

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,825-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 33-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդը օրը՝ օգոստոսի 23-ը, կիրակի էր, և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։ Թեստավորվել է մեկ օրում 380 մարդ։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել. 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 854 դեպք կա, այլ պատճառով՝ 256։

Ապաքինվել է ևս 58 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,049 է։ Փաստացի բուժվողների թիվը 5666 է։

Ընդհանուր առմամբ, 195,574 թեստ է արվել։