24 օգոստոսի 2020 - 17:38 AMT
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է: Այդ մասին տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրում մոտ 4500 այցելու)՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ` երկարեցնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով, մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Ազգային պատկերասրահն աշխատում է ժամը 11:00-ից մինչև 20:30-ը (17:30-ից` մուտքը Արամի փողոցից):

Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ: Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում:

Սալվադոր Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ:

Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: